Արմինֆո.Միջազգային տնտեսական պատժամիջոցների կիրառումը շատ արագ կաթվածահար կանի Թուրքիային։ Իրադարձությունների նման շրջադարձը էապես կնպաստի Ռեջեփ Էրդողանի աշխարհաքաղաքական և այլ ամբիցիաների կրճատմանը ՝ ստիպելով նրան կենտրոնանալ երկրի ներքին խնդիրների վրա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։
<Պետք է հասկանալ, որ Թուրքիայի, համապատասխանաբար՝ Ադրբեջանի նկատմամբ մեր հաղթանակը կարող է ձեռք բերվել, այդ թվում ՝ աշխարհատնտեսական մակարդակով, ինչի համար անհրաժեշտ է հայկական դիվանագիտության հետևողական և համակարգային աշխատանքը։ Հաշվի առնելով թուրքական տնտեսության ներկա վիճակը ՝ այսօր առավել հարմար ժամանակ է Թուրքիայի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման լոբբինգի համար>,- կարծում է փորձագետը ։
Թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ հերթական հակառեկորդն է գրանցել ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով 7.58 լիրայի ։ Համեմատության համար նշենք, որ դեռ 2011 - ին 1 ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում էր ընդամենը 2 լիրա։
Դավթյանի գնահատմամբ ՝ Թուրքիան սեփական տնտեսական ամրությամբ ու կառուցվածքով էապես տարբերվում է Ռուսաստանից կամ Իրանից ։ Վերջիններս ներմուծման փոխարինման բարձր մակարդակով արդեն սովորել են ապրել միջազգային պատժամիջոցների պայմաններում, ինչ չի կարելի ասել Թուրքիայի մասին ՝ Եվրոպայի հետ կապակցված տնտեսությամբ ։ Փորձագետն ընդգծել է, որ Թուրքիայի հիմնական արտաքին առեւտրային եւ ներդրումային գործընկերներն են ԵՄ երկրները, մասնավորապես Գերմանիան:
<Ներդրումները ներդրումներով, բայց Թուրքիայից օտարերկրյա կապիտալի որոշակի արտահոսք արդեն նկատելի է այսօր ։ Անզեն աչքով երևում է նաև թուրքական Կենտրոնական բանկի քաղաքականությամբ պայմանավորված՝ օտարերկրյա ներդրողների անհանգստությունը ։ Ընդհանուր առմամբ 2016 թվականից Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների տարեկան անկումը հասնում է 30-35 տոկոսի ։ Թուրքիայի ՕՈՒՆ մասնաբաժինը արդեն նվազել է 2,3 տոկոսից մինչեւ 1,4 տոկոս>, - ընդգծել է նա ։
Փորձագետի կանխատեսմամբ, նման իրավիճակը եւ թուրքական տնտեսության գլխավոր միտումները հանգեցնում են գործազրկության անխուսափելի աճի, համապատասխանաբար՝ սոցիալական լարվածության աճի: Նրա խոսքով, Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 15 տոկոսի, ինչը չափազանց բացասական ցուցանիշ է նույնիսկ 1991-2001թթ.թուրքական տնտեսության համար ճգնաժամային շրջանում 8 տոկոս ցուցանիշի համեմատ: Դավթյանի կանխատեսմամբ, երկար սպասեցնել չի տա նաեւ սոցիալ լարվածության նկատելի աճի քաղաքական կապիտալիզացիան:
<Էրդողանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների սահմանման դեպքում դրան անմիջապես կմիանան արաբական որոշ երկրներ։ Սաուդյան Արաբիան արդեն էմբարգո է սահմանել թուրքական ապրանքների ներմուծման համար։ Թուրքական տնտեսության փլուզման գործընթացը փաստ է ։ Հետևաբար՝ այսօր կարևոր է այս գործընթացին լրացուցիչ խթան հաղորդելը։ Դա իր հերթին հանգեցնում է Թուրքիայում ընդդիմադիր տրամադրությունների աճին, ինչի վկայությունն է Էրդողանի AKP-ի պարտությունը Թուրքիայի խոշորագույն քաղաքներում 2019 թվականի տեղական ընտրություններում ։ Համոզված եմ, որ հենց այդ հետևողականորեն աճող ընդդիմադիր հատվածը կարևոր դեր կխաղա Էրդողանի տապալման և Անկարայի արտաքին ռազմավարության վերաձևակերպման գործում>, - ամփոփել է Դավթյանը։