Արմինֆո. Այս պահին մենք տեղեկություն չունենք Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ հանդիպում կազմակերպելու մասին ։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ հանդիպում կազմակերպելու Մոսկվայի առաջարկին։
"Մենք բարձր ենք գնահատում ՌԴ գործընկերների դերը 1994-95թթ. հրադադարի հաստատման գործում: Մենք ուշադրությամբ հետևում ենք գործընթացին և բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կառուցողական մոտեցումն այդ գործընթացում: Բայց կցանկանայի ընդգծել, որ այս պահին որևէ հանդիպում կազմակերպելու մասին տեղեկություն չունենք",-ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպում կազմակերպելու Թբիլիսիի առաջարկին եւ հանդիպման կազմակերպման վերաբերյալ այլ առաջարկների առկայությանը Նաղդալյանը նկատել է, որ այս օրերին տարբեր հայտարարություններ են հնչում միջազգային գործընկերներից: "Մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների բարձրագույն ղեկավարության հետ։ Մեզ համար հակամարտության կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Այս պահին առաջնային է կրակի դադարեցման ուղղությամբ քայլերի իրականացումը", - եզրափակել է նա ։