Արմինֆո. Անցած 24 ժամվա ընթացքում հակառակորդը, իր ձախողված գործողությունների արդյունքում, որոշակի կորուստներ է կրել: Այդ մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա հաղորդել է, որ հայկական զորքերը հետ են մղել հակառակորդի մի քանի հարձակում, որոնց մարտավարությունը որոշ չափով փոփոխության է ենթարկվել։ «Մասնավորապես, հատկապես լարված իրավիճակ է եղել հենց հյուսիսային և հարավային ուղղություններում։ Նշված ուղղություններում հակառակորդը կրել է հետևյալ կորուստները. շուրջ 130 զոհված զինծառայող և շուրջ 200 վիրավոր: Հայկական կողմը 29 միավոր տանկ եւ զրահատեխնիկա Է խոցել։ Նաեւ շարքից դուրս են բերվել ծանր հրետանու երեք համակարգ, ինչպես նաեւ "Սմերչ" համազարկային կրակի համակարգ եւ 11 անօդաչու թռչող սարք", - նշել է Հովհաննիսյանը:
Նա նաև ընդգծել է, որ այդ տվյալները օրվա ընթացքում կարող են փոխվել, քանի որ մարտերը շարունակվում են, եւ հակառակորդը անընդհատ փորձեր է ձեռնարկում անցնելու հարձակման: