Արմինֆո. Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մերձավոր Արևելք շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է "Իմ քայլը" դաշինքի պատգամավոր, քաղաքագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Նա նշել է, որ Մերձավոր Արեւելքի նշանակությունը մեծանում է՝ հաշվի առնելով անվտանգության խնդիրների կարեւորությունը։ "Այսպիսով՝ մենք կարող ենք արձանագրել, որ ԱԳՆ-ն այս այցով շրջանառության մեջ է դնում Մերձավոր Արևելքի երկրների հետ փոխգործակցության ռազմավարությունը։ Այս ռազմավարության կենտրոնում պետական շահն է։ Եվ Մերձավոր Արևելքի մեր գործընկերների հետ ակտիվ և փոխշահավետ համագործակցությունը կամրապնդի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում։ Այս համատեքստում կարևոր է նշել, որ Հայաստանի արտգործնախարարը ճիշտ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը։ Այս տարածաշրջանը մեզ համար մեծ նշանակություն ունի անվտանգության ոլորտում", - ընդգծել է պատգամավորը։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով գտնվում է Եգիպտոսում ։