Արմինֆո. Մերձավոր Արևելքը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի և, գաղտնիք չէ, որ այն մեր անմիջական անվտանգության միջավայրի բաղկացուցիչ մասն է, որտեղ գործում է հայկական պետականությունը: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը «Լուրեր» հաղորդաշարին հարցազրույցում:
«Մենք եղել ենք մերձավորարևելյան տարածաշրջանի մաս, պատմության ընթացքում ակտիվ մասնակից և ստիպված ենք եղել բախվել խաղաղության և պատերազմի գոյութենական խնդիրներին: Մենք բազմաթիվ թելերով և հետաքրքրություններով կապված ենք այդ տարածաշրջանի հետ, և այս ամեն ինչը գիտակցելով է, որ մենք այս տարվա ընթացքում Արտաքին գործերի նախարարությունում մշակեցինք և վերջնականացրինք մերձավորարևելյան մեր հստակ ռազմավարությունը: Ես կանվանեի այն ինքնիշխան ռազմավարություն: Ինքնիշխան այն իմաստով, որ դա վաղուց էր պետք անել, բայց այսօր, փաստորեն, այն այցերը և այն ծրագիրը, որ մենք մշակել ենք Մերձավոր Արևելքի ուղղությամբ, հստակ ազդարարելու են Հայաստանի պետական շահերի և մեր այդ գործընկեր երկրների հետ իրավահավասար և փոխշահավետ համագործակցության այնպիսի մի հարթակի ստեղծում և այնպիսի հետաքրքրություների շրջանակի ստեղծում, որը հնարավորություն կտա ապահովելու, առաջնորդելու և առաջ մղելու Հայաստանի պետական և ազգային շահերը», - ասել է Կարապետյանը:
Պատասխանելով Մերձավոր Արևելքի նկատմամբ Հայաստանի հետաքրքրություններին առնչվող հարցին՝ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. «Թեև թվում է, թե աքսիոմ է, որ բոլորն էլ գիտակցում են Մերձավոր Արևելքի կարևորությունը Հայաստանի համար: Հայաստանը ոչ միայն Մեծ Մերձավոր Արևելքի մաս է կազմում, ոչ միայն այս վերջին շրջանում խոսվող այդ երեք ծովերի` Կասպից, Սև, Միջերկրական ծովերի աշխարհաքաղաքականության, այլև այդ տարածաշրջանի բաղկացուցիչ մասն է»:
Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ անցյալ տարի դեսպանահավաքի ժամանակ ամրագրվել է արտաքին քաղաքական երեք կարևորագույն սկզբունք՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն: «Եվ եթե խորքային, բովանդակային իմաստով պատկերացնենք` ինչ են նշանակում այս երեք սկզբունքները. և արտաքին քաղաքականության համար և ամբողջ մեր դիվանագիտական գործունեության համար դրանք կլինեն որպես ուղեցույց: Պատահական չէ, որ նշեցի մերձավորարևելյան նոր ինքնիշխան ռազմավարության մասին, որովհետև այստեղ են մեր պետության, ինքնիշխանության պաշտպանության շահերը: Եվ այսօր այն անվտանգային բոլոր ռիսկերը և սպառնալիքները, որոնք առկա են Մերձավոր Արևելքում, շատ ավելի կենսական, հրամայական են դարձնում այդ կարևորագույն շրջանում Հայաստանի շահերի արդեն իսկ նորովի վերաձևակերպումը, ներկայացումը և ազդարարումը», - ասել է ԱԳՆ խորհրդականը։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների հետ առաջիկա երկխոսության մակարդակին եւ ծրագրերին առնչվող հարցին՝ Ռուբեն Կարապետյանն ասել է. «Առաջին այցը, որը տեղի է ունենալու, Եգիպտոսն է, որովհետև Եգիպտոսն արաբական աշխարհի «ծանրքաշայիններից» է: Եգիպտոսի ձայնը շատ դեպքերում որոշիչ է լինում արաբական տարբեր երկրների համար: Եգիպտոսն առանցքային դերակատարություն ունի տարբեր անվտանգային, ռազմաքաղաքական հարցերում: Եգիպտոսն այսօրվա մերձավորարևելյան տարածաշրջանի սպառնալիքների, այդ թվում՝ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների, ակտիվ մասնակից է: Երկկողմ բազմաշերտ հարաբերությունների խորացումը, այդ թվում՝ անվտանգության և տարբեր ոլորտներում բխում է Հայաստանի ազգային և պետական շահերից:
Կահիրեում է գտնվում, ինչպես գիտեք, Արաբական պետությունների լիգայի կենտրոնակայանը: Դա միակ արաբական կազմակերպությունն է, որը համախմբում է 22 արաբական պետությունների․ այստեղ ևս նախատեսված է հանդիպում: Դա մեզ համար այն հարթակն է, որտեղ Հայաստանի ձայնն ավելի լսելի կլինի, ավելի արագ կհասնի, և մենք վաղուց ունենք այդտեղ ներկայություն։ Օրակարգը պարզ է, բայց ես, միգուցե, կթողնեմ դա այցից հետո, որպեսզի մենք կարողանանք նաև որոշակի եզրահանգումներ, գնահատականներ կատարել: Ես ասեմ միայն, որ Եգիպտոսում հանդիպումներ են լինելու բարձր ղեկավարության՝ արտգործնախարար և այլն մակարդակով, ինչպես նաև լինելու են հանդիպումներ հոգևոր առաջնորդների հետ, որովհետև այստեղ էլ կարևոր մի հանգամանք կա: Սա էլ է նորույթ Մերձավոր Արևելյան մեր քաղաքականության մեջ, որովհետև Հայաստանը` որպես քաղաքակրթական առաքելություն ունեցող ժողովուրդ և ժողովուրդ ներկայացնող պետություն, անպայման պետք է հետապնդի այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների շահերը։ Փաստորեն, Եգիպտոսը մեկնարկն է Մերձավոր Արևելյան մեր ռազմավարությունից բխող քայլերի։ Հետագայում մենք դիտարկում ենք մերձավորարևելյան այլ երկրներ, զօր օրինակ՝ Լիբանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը, Հորդանանը և Սիրիան։ Մեզ համար կարևոր տարածաշրջան է, մենք չենք կարող անհանգստացած և շահագրգռված չլինել Մերձավոր Արևելքի կայունությամբ»։
Պատասխանելով Թուրքիայի ծավալապաշտական գործողությունների առումով Հայաստանի դիրքորոշմանն առնչվող հարցին՝ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, Ռուբեն Կարապետյանը նշել է. «Հենց սրա մասին մենք խոսեցինք: Ես չէի ցանկանա, որ ամեն ինչ մենք ուղղակի բերեինք, իջեցնեինք մի շատ պարզ ֆորմուլայի, ինչպես Դուք նշեցիք՝ հակաթուրքական։ Դա այդպես չէ, դա հարցերից մեկն է: Այնպես չէ, որ մեր հարաբերությունները Եգիպտոսի հետ պայմանաորված են որևէ երրորդ երկրով: Իհարկե, այն ինչ ընդհանուր սպառնալիքի համատեքստում է, մենք այստեղ մեր գործընկեր երկրների հետ անելիքներ ունենք, բայց ուզում եմ ասել, որ դա չէ միայն, և դրանով չէ միայն պայմանավորված մեր մերձավորարևլյան ռազմավարությունը: Մեկ-երկու տարի հետո մենք կարող ենք ունենալ շատ ավելի տեսանելի, շատ ավելի լուրջ և շատ ավելի մեծ դերակատարություն մերձավորարևելյան գործըթացներում: Վերջապես, եթե մեկ բառով ասեմ, այս այցն էլ այդպիսի ազդակ կհանդիսանա, որպեսզի և՛ մեր հարևանները, և՛ բոլոր մեր գործընկերները հասկանան, որ Հայաստանը վերադարձել է Մերձավոր Արևելք»: