Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը եւ աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին որոշումը: Համակարգող խորհուրդը կգլխավորի ինքը ՝ կառավարության ղեկավարը։ Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հաստատել էր Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը: Ծրագրի նպատակներն են՝ ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոխությունների: Նախատեսվում է նաև ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան, իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում, հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը: Նախատեսվում է բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով: Կստեղծվեն արդյունավետ համագործակցության հիմքեր կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ համագործակցությունը՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։
Այս նպատակներին հասնելու համար, մասնավորապես, նախատեսվում է ՀՀ ոստիկանության կառուցվածքային փոփոխություններ ու գործառույթների հստակեցում, ինչպես նաև նոր նախարարության ստեղծում: Կստեղծվեն Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն: Ռազմավարության նպատակների և խնդիրների իրագործման համար պլանավորվում են կոնկրետ և չափելի արդյունք ունեցող միջոցառումներ, որոնք մեծամասամբ արտացոլվել են 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագծում:
Անդրադառնալով ռազմավարությանը՝ վարչապետը նշել էր. «Մենք խնդիր ենք դրել, որ արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում ունենալ նոր պարեկային ծառայություն, ինչը նշանակում է, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը, որը տեսանելի է՝ պետք է ամբողջությամբ փոխվի, ընդ որում պետք է փոխվի ոչ միայն ձևով, այլև՝ բովանդակությամբ: Առաջինը կրթական փուլն է, որը, մեր նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է մեկնարկեր սույն թվականի ապրիլից, բայց կորոնավիրուսի պատճառով մի քիչ հետաձգվեց: Ոստիկանությունում առկա կադրերի, և նոր կադրերի ներգրավման նպատակով Ոստիկանության ակադեմիայիում պետք է դասընթացներ կազմակերպվեն պարեկային ծառայության համար: Ընդ որում, մեր պայմանավորվածությունը հետևյալն է, որ պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր՝ սկսած տեխնիկական միոջներից, ավտոմեքենաներից, հագուստներից: Երկրորդ փուլում մենք կստեղծենք Ներքին գործերի նախարարություն, և հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի նախարարությունը: Ներքին գործերի նախարարության ստեղծման թեման վերջին երկու տարվա ընթացքում ամենաշատ քննարկված թեմաներից էր, և այստեղ մշտապես առաջացել է կոնֆլիկտ խնդրի քաղաքական ու զինվորական մասի բովանդակությունների միջև: Խնդիր է եղել այնպես անել, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից: Ի վերջո, մենք հրաժարվել ենք այն տրամաբանությունից, որ հնարավորություն ստանանք քաղաքացիական անձանց նշանակել ոստիկանությունում, առավել ևս` ղեկավարի կարգավիճակով»: Ըստ վարչապետի՝ պետք է ունենալ Ներքին գործերի նախարարություն, որպեսզի քաղաքական հատվածը հստակ տարանջատվի զինվորական հատվածից: ՀՀ ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ Ներքին գործերի նախարարության հետ, կլինի դրա կազմում: «Կարծում եմ՝ սա մեր կարևորագույն բարեփոխումներից մեկն է, և համոզված եմ, որ սրա արդյունքում մենք կունենանք որակական, էական փոփոխություններ իրավակարգի պահպանության և հանցագործությունների դեմ պայքարի և հանցագործությունների կանխարգելման և նախականխարգելման ոլորտում»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը: