Արմինֆո. Հուլիսի 30-ին դեռ 15 տարի առաջ իրենց բնակարաններից զրկված մայրաքաղաքի Եկմալյան փողոցի բնակիչները հերթական բողոքի ակցիան են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Չնայած նման պատկառելի ժամկետին, այդ ընտանիքների խնդիրը մինչ օրս լուծված չէ։
15 տարի առաջ այն շենքերի տարածքները, որտեղ գտնվում էին ցուցարարների բնակարանները, ճանաչվեցին հանրային գերակայություն եւ հատկացվեցին նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար: Մինչդեռ տեղի բնակիչները մինչ օրս չեն ստացել ոչ բնակարան, ոչ էլ խոստացված փոխհատուցում։ Նրանց խոսքով՝ անցած տարիների ընթացքում իրենց վարձակալած բնակարանի վարձավճարը նույնպես չի փոխհատուցվում։
Ցուցարարները նշում են, որ, ընդհանուր, առմամբ իրենց խնդիրը բարձրացրել են հանրապետության երեք նախագահների եւ յոթ վարչապետների առջեւ: Ընդ որում, կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև, ըստ նրանց, մինչև հիմա համաձայնություն չկա, թե որ կառույցը պետք է պատասխան տա ստեղծված իրավիճակի համար։ Այսօր ակցիայի մասնակիցները հերթական դիմումն են հղել կառավարությանը՝ խնդրի լուծման ակնկալիքով։