Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության գրասենյակում "Իմ քայլը" խմբակցության պատգամավորները հանդիպում են անցկացնում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: Այդ մասին դեպքի վայրից հաղորդում է ԱրմԻնֆո-ի խորհրդարանական թղթակիցը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորները մտադիր են Ավետիսյանին ուղղել իրենց հուզող բոլոր հարցերը: Մակունցը նշել է, որ հանդիպման արդյունքներւ հիման վրա ինքը կկարողանա խմբակցության տեսակետը հայտնել այդ թեկնածության վերաբերյալ:
Նշենք, որ հուլիսի 23-ին կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Վահրամ Ավետիսյանին։ Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել էր "Սահմանադրական դատարանի մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որն ընդունվել էր հունիսի 30-ին: Օրենքին համապատասխան, ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները սահմանափակվում են 12 տարով։ Փոփոխություններն ընդունելուց հետո աշխատանքից ազատվել են ավելի քան 12 տարի աշխատած երեք դատավորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը սովորական դատավոր է դարձել։ Նրանց փոխարեն այժմ կընտրվեն նոր դատավորներ։ Մեկ թեկնածու առաջարկում է կառավարությունը, երկրորդին ՝ նախագահը, երրորդին՝ դատավորների ընդհանուր ժողովը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատները ԱԺ պատգամավորներին երկու անգամ նամակներ էին ուղարկել ՝ կոչ անելով դեմ քվեարկել Ավետիսյանի թեկնածությանը ՍԴ դատավորի պաշտոնի համար։ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունից դժգոհությունները պայմանավորված են, հիմնականում, նրա ազգակցական կապերով։ Բանն այն է, որ Ավետիսյանի հայրը 2008-2016 թվականներին զբաղեցրել է վճռաբեկ դատարանի քրեական գործերի պալատի նախագահի պաշտոնը։