Արմինֆո. Հայաստանում արձանագրվել են կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր: Պարետատան նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշել է, որ անհանգստանալու առիթ չկա։ "Այս պահին մենք հայտնաբերել ենք կրկնակի վարակման մի քանի դեպք: Սակայն պետք չէ մտածել, որ վարակով հիվանդացած յուրաքանչյուր քաղաքացի կարող է երկրորդ անգամ հիվանդանալ։ Կրկնակի վարակի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է անցկացնել լրացուցիչ գիտական հետազոտություններ: Քանի որ կրկնակի հիվանդությունները զանգվածային բնույթ չեն կրում, հնարավոր է կրկնակի վարակումը կապված է հիվանդների առողջության առանձնահատկությունների հետ", - ընդգծել է Թորոսյանը։
Նախարարը նշել է, որ պետք է պահպանել բոլոր հակահամաճարակային միջոցները, և այդ ժամանակ նորից վարակվելու հնարավորությունը նվազագույնի կհասցվի:
Նշենք, որ վերջերս քաղաքացի Արսեն Հարությունյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակվել է երկրորդ անգամ՝ առողջանալուց 40 օր անց։ Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացել։