Արմինֆո.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աստիճանաբար նվազում է։ Այդ մասին պարետատան նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարն ընդգծել է, որ պետք է հետևել, թե շաբաթվա ընթացքում ինչպիսին կլինեն ցուցանիշները: "Սակայն այսօրվա դրությամբ մեզ մոտ առաջընթաց է արձանագրվել, վարակվածների թիվը գնալով նվազում է։ Հայաստանում հիվանդության գագաթնակետը արձանագրվել է հուլիսի 6-ին։ Դրանից հետո վարակած քաղաքացիների թիվն սկսել է նվազել, եւ այդ միտումը շարունակվում է մինչ օրս", - ընդգծել է Թորոսյանը։
Նա նշել է, որ եթե քաղաքացիները շարունակեն պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա իրավիճակի կայունացման տեմպը կարագանա։ "Վստահեցնում եմ ձեզ, որ եթե բոլոր քաղաքացիները դիմակ կրեն, պահպանեն սոցիալական հեռավորությունը և ախտահանեն ձեռքերը, վարակվածների թիվը շատ արագ կնվազի: Ինչ վերաբերում է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությանը, ուզում եմ տեղեկացնել, որ մենք ունենք ազատ հիվանդանոցային մահճակալներ, այդ թվում ' վերակենդանացման: Եթե այսպես շարունակվի հետագայում եւս, մենք կնվազեցնենք հիվանդանոցային մահճակալների քանակը՝ պատրաստ լինելով անհրաժեշտության դեպքում կրկին ավելացնել դրանք>,- ընդգծել է նախարարը:
Թորոսյանը նշել է, որ եթե քաղաքացիները չպահպանեն հակահամաճարակային միջոցները, իրավիճակը կարող է կրկին կտրուկ վատանալ: "Սակայն, հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը, օգոստոսի 1-ից մենք մտադիր ենք Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդիի եւ Դիլիջանի բժշկական կենտրոնները վերադարձնել իրենց բնականոն աշխատանքին: Եվս երեք բժշկական կենտրոն Երևանում, եթե իրավիճակը շարունակի լավանալ, նույնպես կվերադառնան բնականոն աշխատանքի, այդ որոշումը կկայացվի 7-10 օրվա ընթացքում", - նկատել է նա։
Նախարարն ընդգծել է, որ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը 500-ից պակաս է։ "Դա, իր հերթին, կհանգեցնի մահացության նվազման։ Այժմ մենք վերահսկում ենք իրավիճակը։ Բայց ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային բոլոր միջոցները, հակառակ դեպքում, մենք կարող ենք վերադառնալ այն ամենին, ինչից սկսել ենք", - եզրափակել է Թորոսյանը։