Արմինֆո. Հայաստանը չի կարող լուրջ վերաբերվել Ադրբեջանի կողմից հեղինակած և Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոյի անունից տարածված հաղորդագրությանը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդման համաձայն, այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոյի անունից հաղորդագրության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը:
«Ափսոսանքի է արժանի, որ Չմիավորված երկրների շարժումը թույլ է տալիս իր նախագահությանը պատանդառել այդ ֆորումի անունը և սկզբունքները՝ տարածաշրջանային ապակայունացման իր սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով: Մեզ համար վերոնշյալ թղթի կտորն առոչինչ է», - եզրափակել է ԱԳՆ մամլո խոսնակը:
Ավելի վաղ Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոն կոմյունիկե էր ընդունել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, որում վճռականորեն դատապարտվում է հրետանային կայանքների կիրառմամբ Ադրբեջանի ԶՈւ դիրքերի վրա ՀՀ ԶՈՒ "հարձակումը" եւ վերահաստատվում է բյուրոյի աջակցությունը ՄԱԿ ԱԽ բանաձևերի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծմանը: