Արմինֆո. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։
Ջոզեֆ Բորելի հետ զրույցում նախարար Մնացականյանը ներկայացրել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության սրման և լարվածության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը, այդ թվում՝ ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը։ ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ՀՀ արտգործնախարարը դատապարտել է Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:
Վրաստանի իր գործընկերոջ հետ զրույցում ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։