Արմինֆո. <Երեկ ժամը 12.30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրքը: Կրկնում եմ, և դա շատ կարևոր է, որպեսզի բոլորը իմանան, որ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանի վրա>,-այսօր կառավարության արտահերթ նիստում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
<Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելուց ստանում են հրահանգ. հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով,՝ կոչ են անում լքել տարածքը, որը և իրականացվում է: Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է: Մինչ այժմ, պարոն վարչապետ, զեկուցում եմ, որ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15, 25 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը ժամը 03.30-ից մինչև 05.30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ:
Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պաշտպանությունը: Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է>,- ասել է նախարարը։
<Այսինքն՝ տպավորություն ստացվեց, որ, հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են և հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել, և հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել>,- հարցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դավիթ Տոնոյանը նշել է, որ եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: <Անմիջապես սկսվել է հրետակոծություն>,- ընդգծել է նախարարը։