Արմինֆո. Երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը
Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
Նշենք, որ ողջ գիշեր ադրբեջանական կողմը հրետակոծել է մեր դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հայկական կողմը հակառակորդին զգուշացրել է, որ իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: