Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է վարձել մասնագետի, որը Հայաստանի կառավարությանը կօգնի կոռուպցիայի դեմ պայքարում: Նա կհամագործակցի ՀՀ արդարադատության նախարարության հետ եւ կնպաստի բարեփոխումների խթանմանը: RT-ն ծանոթացել է ԱՄՆ գերատեսչության պայմանագրին:
«Խորհրդականը Հայաստանի կառավարությանը կաջակցի հակակոռուպցիոն նոր մարմիններ ստեղծելու եւ դրանց արդյունավետությունը բարձրացնելու գործում (այդ թվում՝ կազմավորման գործընթացում գտնվող Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն): Այդ հաստատությունները կուսումնասիրեն կոռուպցիայի դեպքերը եւ պատասխանատվության կենթարկեն կոռուպցիոներներին»,-ասված է փաստաթղթում:
Բացի այդ, մասնագետը պետք է խորհրդատվություն տրամադրի Հայաստանի իշխանություններին՝ իրավապահ համակարգում բարեփոխումների մշակման եւ իրագործման հարցում:
«Նախապատրաստել, ուսուցանել, ինչպես նաեւ այլ տեխնիկական աջակցություն տրամադրել Արդարադատության նախարարությանը, Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեին (երբ այն ստեղծվի) եւ քրեական արդարադատության այլ ինստիտուտներին՝ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, ընդ որում, առաջնահերթություն տալով կոռուպցիայի դեմ պայքարին բարձր մակարդակում»,-հաղորդում են ԱՄՆ Պետդեպարտամենտում:
Խորհրդականը կզբաղվի նաեւ քննիչների համար ուսուցողական ուղեւորությունների, վարժանքների կազմակերպմամբ եւ Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող ծրագրերի կառավարմամբ: Ինչպես ընդգծում են գերատեսչությունում, այդ պաշտոնին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը ծրագրում է մինչեւ 10 մլն դոլար ծախսել Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջ մղման համար: Նախագիծը ենթադրում է պայմանների ստեղծում, որոնցում նվազեն կոռուպցիայի համար հնարավորությունները: