Արմինֆո.Թուրքական ժխտմանը եւ Թուրքիայի նոր նախաձեռնությանը հակազդելու առավել գործուն միջոցներից մեկը ակադեմիական միջավայրում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուցիոնալացումն է ։ Նման կարծիք է հայտնել թուրք պատմաբան եւ սոցիոլոգ, Մինեսոտայի համալսարանի Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Թաներ Աքչամը։
Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի բարձրագույն խորհրդակցական խորհուրդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել հատուկ "ինքնավար եւ քաղաքացիական նոր կառույց", որը կարձագանքի Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին եւ կզբաղվի ապաքրեականացման ռազմավարության մշակմամբ: Թուրքիայի նախագահն ընդունել է մասնակիցների առաջարկները և հանձնարարել է ստեղծել անկախ կառույց, որը զբաղվի հենց Հայոց ցեղասպանության ժխտման աշխատանքներով։
Թուրք պատմաբանը, անդրադառնալով այս նախաձեռնությանը, ցավով արձանագրել է, որ այսօրվա դրությամբ ողջ Հյուսիսային Ամերիկայում գոյություն չունի որևէ հետազոտական կենտրոն կամ ակադեմիական ծրագիր համալսարանում, որը կզբաղվի բացառապես կամ ուղղակիորեն Հայոց Ցեղասպանությամբ կամ էլ ստեղծվել է այդ նպատակի համար: Մինչդեռ, շարունակել է Աքչամը, ամերիկյան համալսարաններում գոյություն ունի Հոլոքոսթի ուսումնասիրությանը նվիրված շուրջ 250 ծրագիր, ընդ որում՝ դրանցից մի քանիսը հետազոտական ինստիտուտներ են:
<Թույլ տվեք մեկ անգամ ևս ընդգծել. բացի Հայաստանի տարբեր անկախ և քաղաքացիական կազմակերպությունների և առանձին գիտնականների անձնուրաց և անգնահատելի ջանքերից, որոնք արժեքավոր ներդրում են ունենում հայագիտության, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում, ամերիկյան ակադեմիական շրջանակներում չկա ինստիտուցիոնալիզացիա, և նկատվում է այդ հարցի ուսումնասիրման և հետազոտությունների պակաս ։ Այս ոլորտի հետագա զարգացման ամենամեծ խնդիրը ամերիկյան համալսարաններում ինստիտուցիոնալ կառույցների բացակայությունն է>, - արձանագրել է Աքչամը ։
Ընդ որում, պատմաբանը հավելել է, որ վերջին տարիներին նա բոլոր հնարավոր հարթակներում մանրամասն անդրադարձել է այդ հարցին եւ հիմնավորել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության <ինստիտուցիոնալացման> անհրաժեշտությունը:
<Ես ընդգծել եմ թուրքական մասշտաբային և լավ ֆինանսավորվող <ժխտողականության ինդուստրիային> առանց պատշաճ մրցակից կազմակերպությունների կամ հաստատությունների արդյունավետ արձագանքելու անհնարինությունը։ <Հիմարություն կլիներ ենթադրել, որ այդ իրադարձությունների պատմական ճշմարտության փաստը կլինի կանխորոշող եւ հաղթական երկարաժամկետ հեռանկարում>, - նշել է թուրք պատմաբանը ՝ հավելելով, որ մինչ օրս նման կառույց ստեղծելու իր ջանքերն ապարդյուն են եղել:
Ընդ որում, նա հույս է հայտնել, որ թուրքական կառավարության այս վերջին նախաձեռնությունը կդառնա այն տագնապալի ազդանշանը, որը թույլ կտա մյուսներին գիտակցել այդ հարցի կրիտիկական կարեւորությունը: