Արմինֆո. <Քոչարյանի գործի> տրամաբանությունը դատավարությունը հնարավորինս ձգձգելն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Հանուն հանրապետության> քաղաքական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
Հունիսի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ որոշում կայացրեց 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Գլխավոր դատախազությունն արդեն Վճռաբեկ դատարանում որոշումը բողոքարկելու մտադրություն է հայտնել ։
<Նման ձգձգման առաջին շահառուն հենց Ռոբերտ Քոչարյանն է ՝ ի դեմս նրա փաստաբանների։ Վերջիններս դրանով փորձում են կանխել բուն դատավարական գործընթացի սկիզբը ։ Նրանք շատ լավ հասկանում են, որ այդ դեպքում անխուսափելիորեն ի հայտ կգան լուրջ հանցագործությունների մանրամասներ։ Նրանց մարտավարությունը կառուցված է հետևյալ տրամաբանության վրա՝ հնարավորինս ամեն ինչ անել, որ խափանման միջոց կալանքը փոխվի, Ռոբերտ Քոչարյանը գտնվի ազատության մեջ, իսկ կալանքից բացի ցանկացած այլ խափանման միջոցի դեպքում հնարավոր է անընդհատ դատը ձգձգել>,- ընդգծել է նա ։
Հաշվի առնելով, որ դատավարության շրջանակներում պետք է հարցաքննվեն 800 վկաներ, գումարած ինքնաբացարկի միջնորդությունները, դատավարության մասնակիցների մյուս միջնորդությունները, դատական գործընթացը, նրա կարծիքով, կարելի է 10 տարի էլ ձգձգել։
Ըստ Ղեւոնդյանի, ազատության մեջ գտնվելով այդ ողջ ընթացքում՝ Քոչարյանը կարող է քաղաքական իրավիճակում փոփոխությունների հույս ունենալ ։ Նման ձգձգված գործընթացը, նրա գնահատմամբ, լիովին համապատասխանում է արտաքին ուժերի շահերին։ Վերջիններս, մասնավորապես, Ռուսաստանն արդեն փորձում է գործի դնել <Քոչարյանի գործը> ՝ Հայաստանի հետ հարաբերություններում սեփական շահերը առաջ մղելու նպատակով ։
Քաղաքագետի գնահատմամբ ՝ Ռոբերտ Քոչարյանն իրենից վտանգ է ներկայացնում թե՛ ազատության մեջ, թե՛ անազատության մեջ, եթե քաղաքական դաշտում նրա ազդեցությունը չեզոքացված չէ։ Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ եթե նա ազատության մեջ է, ապա որևէ շահագրգռվածություն չկա դատական պրոցեսն առաջ տանելու:
<Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ է, ապա ձգձգելու դեպքում նա անընդհատ գտնվելու է անազատության մեջ: Սա գլխավոր հարցն է, և արդարադատության իրականացման նկատառումներով շատ կարևոր է, որ Քոչարյանը գտնվի անազատության մեջ: Քաղաքական դաշտում Քոչարյանն ունի որոշակի ազդեցություն, այդ ազդեցությունը հիմնականում պայմանավորված է նրա նախկին պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված ազդեցության գոտիներով ու կապերով: Այդ ազդեցությունը աննշան կերպով է թուլանում, երբ նա անազատության մեջ է, քանի որ ամեն դեպքում նա ամբողջությամբ մեկուսացված չէ և ունի կապ արտաքին աշխարհի հետ: Այնպես որ, եթե ենթադրում ենք, որ նա որոշակի գործունեություն պետք է ծավալի, դա կարող է ծավալել թե ազատության մեջ լինելով, թե անազատության>,- ամփոփել է քաղաքագետը։