Արմինֆո. Մենք պետական մտածողություն ունեցող մարդիկ ենք և հասկանում ենք, որ ինչպիսի սխալներ էլ թույլ տան իշխանությունները, ճիշտ չէ ճգնաժամային իրավիճակներում կառավարության հրաժարական պահանջելը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Հարցին, թե արդյոք կարծում է, որ "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը սխալ պահանջներ է առաջադրել, Սիմոնյանը պատասխանել է, թե այն բանից հետո, երբ իրավիճակը կայունանա, իրենք կբարձրացնեն որոշ անձանց պատասխանատվության հետ կապված հարց: "Ավելին, մենք արդեն հայտարարել ենք այդ մասին։ Հարցը վերաբերում է նաև կրթության նախարարին։ Մենք մտադիր ենք իմանալ, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել վերջին երկու տարիների ընթացքում։ Բայց ես հիմա չեմ թվարկի բոլոր նրանց, ում պատասխանատվության մասին մենք մտադիր ենք բարձրաձայնել", - հայտարարել է պատգամավորը։ Սիմոնյանը նաև նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քննող հանձնաժողով պետք է ձևավորել՝ հասկանալու համար, թե ով ինչ սխալ է գործել։
Նշենք, որ նախորդ շաբաթ "Բարգավաճ Հայաստան" խմբակցությունը հանդես էր եկել քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որը կզբաղվի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բոլոր դեպքերի քննությամբ: Հանձնաժողովը նաեւ պետք է ուսումնասիրի, թե ինչպես են ծախսվել համաճարակի դեմ պայքարին ուղղված միջոցները։