Արմինֆո.ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստի վերաբերյալ մեկնաբանությամբ։
<Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա:
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Դա են վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:
Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը>,- ասել է Նաղդալյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱրմԻնֆո-ն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում նախագահական համալիրում տեղի է ունեցել բարձրագույն խորհրդատվական խորհրդի նիստ։
<Խորհրդակցության մասնակիցները քննարկել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ "անհիմն զրպարտություններին" հակազդելու միջոցները", -միջոցառման ավարտին հայտնել Է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Նրա խոսքով, խորհրդակցական բարձրագույն խորհուրդը ուշադրություն է հրավիրել այնպիսի քայլերի մշակմանը, որոնք կխոչընդոտեն տարբեր շրջանակների կողմից Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների համար "ստի եւ զրպարտության վրա հիմնված քաղաքական նպատակների" օգտագործմանը: "Նիստում քննարկվել են 1915 թվականի իրադարձությունները որպես Թուրքիայի և նրա ժողովրդի սևացման քաղաքական գործիք օգտագործող հայկական լոբբիի կողմից անհիմն ենթադրությունների վրա հիմնված քարոզչությանը հակազդելու քայլերը: Նաեւ քննարկվել են այն գործողությունները, որոնք ուղղված են այդ հարցի պատմական եւ իրավական ասպեկտները ազգային եւ միջազգային հանրությանը հասցնելուն", - ասել է նա՝ նույնիսկ չհիշատակելով այդ շրջանում զոհված 1.5 միլիոն հայերի մասին։