Արմինֆո. Ես հանցակազմ չեմ տեսնում Գագիկ Ծառուկյանին հավատով եւ ճշմարտությամբ ծառայելու ԲՀԿ պատգամավորների հրապարակած գրավոր երդման պարտավորություններում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
"Ընդ որում, ես չէի կասկածում, որ բնության մեջ կարող են գոյություն ունենալ ինչ-որ մուրհակներ՝ բացի ֆինանսականից եւ առեւտրայինից: Ես, անգամ, չեմ կասկածել քաղաքական մուրհակների գոյության մասին: Մեծ վերապահությամբ որպես այդպիսի մուրհակ կարելի է բնորոոշել քաղաքական դաշինքների, նախընտրական դաշինքների ստեղծման մասին միջկուսակցական համաձայնագրերը եւ այլն: Բայց կուսակցության ներսում մուրհակներն ինձ համար նոնսենս է", - ընդգծել է նա:
Ազգային անվտանգության ծառայության կողմից հունիսի 16-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության արդյունքում տարածված տեսանյութում հստակ երեւում են Ծառուկյանի տնից վերցված տեսագրությունները, կուսակցության առաջնորդի մոտ նման ցանկություն առաջանալու դեպքում մանդատներից հրաժարվելու պատգամավորների գրավոր պարտավորությունները: Ինչպես նաև նրանց երդումներն ու պարտավորությունները՝ "ավելորդ չխոսել", չդավաճանել ու ամեն ինչ համաձայնեցնել Ծառուկյանի հետ։ Մասնավորապես, հրապարակվել են Սերգեյ Բագրատյանի, Նաիրա Զոհրաբյանի, Նապոլեոն Ազիզյանի, Տիգրան Ուրիխանյանի երդումները։ Ազիզյանն ու Ուրիխանյանն արդեն ճանաչել են "քաղաքական մուրհակների" իսկությունը։
Իրավապաշտպանը ծառուկյանական մուրհակները դիտարկում է որպես ԲՀԿ ներկուսակցական կյանքում էթիկայի, բարքերի, ժողովրդավարության վիճակի մասին վկայող փաստաթուղթ։ Ըստ այդմ, մուրհակների մեջ չտեսնելով քրեական ոոորեւէ բան՝ Սաքունցը այս ամենի մեջ տեսնում է միայն այդ կուսակցության ներսում ժողովրդավարության սուր դեֆիցիտ։
Իրավապաշտպանը մեկ այլ՝ ավելի կարևոր խնդիր է համարում համամասնական ընտրակարգով ընտրված "բարգավաճ" պատգամավորների ՝ կուսակցության առաջնորդից ավելի մեծ կախվածության փաստը, քան՝ իրենց ընտրողներից ։ Նրա կարծիքով ՝ այս խնդիրը պետք է կարգավորվի օրենքով։ Իսկ ժողովրդից վստահության մանդատ ստացած պատգամավորը չի կարող և չպետք է ենթարկվի որևէ ճնշման։ Այդ թվում՝ ճնշման սեփական կուսակցության ներսում:
"Ի՞նչ է նշանակում՝ պարտավորվում եմ չդավաճանել։ Սա գործիք է, որի միջոցով սահմանափակվում է մարդու ՝ տվյալ դեպքում ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի արտահայտվելու ազատությունը կուսակցության ներսում։ Սա, իհարկե, քրեական հետապնդման առիթ և հիմք չէ։ Բայց այս ամենը վկայում է "Բարգավաճ Հայաստանի" ներսում քրեական մտածողության ու բարքերի մասին", - ամփոփել է իրավապաշտպանը։