Արմինֆո. ԱԺ "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կոշտ պատասխան է տվել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը կառավարության կազմի 100 տոկոս փոփոխության կոչ է արել:
Նախօրեին ԲՀԿ քաղխորհրդի նիստում Ծառուկյանը, մասնավորապես, մատնանշել է վերադասների շրջանում փորձի պակասը, ինչի պատճառով ձախողումները, նրա կարծիքով, արձանագրվում են գործունեության բոլոր ուղղություններով: Ծառուկյանը նաև նշել է, որ իր կուսակցությունն ավելի վաղ աջակցել է ներդրվող փոփոխություններին, հույս ունենալով, որ ժողովրդին տված խոստումներն իրականություն կդառնան, իսկ այժմ, կանգնած "երկրի կորստի" հեռանկարի առջև, ինքը պատրաստ է հանդիպել ցանկացած ողջամիտ քաղաքական ուժի և "երկրի ապագայով մտահոգ անձանց" հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: "Այն քաղաքական ուժը, անձը, մարդը, հասարակական կազմակերպության ղեկավարը, որոնք ժողովրդի կողմից ընդունելի չեն, մեր կողմից նույնպես անընդունելի են", - հավելել է Ծառուկյանը:
Ի պատասխան՝ Լիլիթ Մակունցը Facebook-ի իր էջում գրել է. "Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ: Բայց իհարկե որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով: Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ:
Այո՛, չունենք ապարանքներ և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար:
Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում: Եվ այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը: Ափսոսում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ":