


Արմինֆո.Վերջին տարիներին Հայաստանում բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացվում կիբերհանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Այդ մասին հունիսի 5-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանը։
Դժվարանալով նշել կոնկրետ թվեր՝ ԱԱԾ ղեկավարը նկատել է, որ խոսքը հազարավոր կիբերհանցագործությունների, DDoS հարձակումների եւ ֆիշինգային հարձակումների մասին է։ Նրա խոսքով ՝ օրը մի քանի անգամ նման հարձակումներ են իրականացվում հակառակորդի կողմից հայկական պետական կառույցների և ԱԱԾ պահպանության տակ գտնվող սերվերների ուղղությամբ: Մարտիրոսյանը հատուկ նշել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բավականին արդյունավետ է աշխատում այդ փորձերը չեզոքացնելու ուղղությամբ ։ Ընդ որում, նա նշել է, որ առաջիկայում կլուծվի այդ նպատակների համար ավելի ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինման հարցը ։
Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԱԾ-ն հագեցած է լավագույն տեխնիկական միջոցներով, որոնք ոչ միայն չեն զիջում գործընկերների մոտ առկա տեխնիկական միջոցներին, այլև որոշ դեպքերում գերազանցում են դրանք: "Այժմ մենք հատուկ նշանակության տեխնիկական միջոցներ ենք ձեռք բերում Ռուսաստանից, Եվրոպայից եւ ԱՄՆ - ից", - հայտնել է նա:



