Արմինֆո.Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման իրական պատճառներ ու, համապատասխանաբար, նախադրյալներ՝ ընդդիմադիր լրատվականների կողմից անընդհատ արծարծվող թեմա, չկա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր, "Հանուն հանրապետության" նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանը։
"2018 թվականի ընտրություններում ավելի քան երկու տասնամյակում առաջին անգամ Հայաստանում ձևավորվեց, անկասկած, լեգիտիմ, օրինական իշխանություն։ Այս լույսի ներքո՝ նման իշխանության դեմ ուղղված ցանկացած քայլ, ներառյալ արտահերթ ընտրությունների գործընթացի նախաձեռնումը, կդառնա ոտնձգություն մեր հասարակության մեծ մասի կամքի ու վստահության քվեի եւ, համապատասխանաբար, ժողովրդավարության նկատմամբ", - նկատել է նա։
Բաբաջանյանի գնահատմամբ՝ արտահերթ քաղաքական գործընթացների ու ընտրությունների են ձգտում, հիմնականում, ռեւանշիստական ուժերը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն փոխկապակցված են նախկին իշխանության՝ այժմ քոչարյանական-սարգսյանական համակարգի հետ։ Նա ընդգծել է, թե, հաշվի առնելով, որ քաղաքականության մեջ անհնարին ոչինչ չկա, իր քաղաքական ուժն ի գիտություն է ընդունում ննաեւ արտահերթ քաղաքական գործընթացների հեռանկարը:
Այդուհանդերձ, խորհրդարանականը խորապես համոզված է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումն անհնար է։ Նրա գնահատմամբ՝ երկրում իսպառ բացակայում են ցանկացած քաղաքական նախադրյալներ նման սցենարի իրականացման համար։ Իսկ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հաճախակի դարձած հայտարարությունները Բաբաջանյանը դիտարկում է որպես քարոզչական, մանիպուլյատիվ հնարքներ։
Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, խորհրդարանականը Հայաստանի քաղաքական դաշտը բնութագրում է որպես չկայացած և կատարելությունից շատ հեռու։ Առաջին հերթին՝ այն պատճառով, որ գործող քաղաքական համակարգը ենթակա է իմաստային դեֆորմացիայի և հասարակության իրական քաղաքական նախասիրություններն ու տրամադրությունները չի ներկայացնում։ Ըստ Բաբաջանյանի, հեղափոխության ալիքի վրա գործող խորհրդարանի ձեւավորման փաստը նշանակում է, որ քաղաքացիները վստահության քվե են տվել ոչ միայն իշխող կուսակցությանը, այլեւ ընդդիմադիր ուժերին:
"Այլ կերպ ասած՝ խորհրդարանն ամբողջությամբ պետք է հեղափոխական լիներ։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը պետք է ստանձներ հեղափոխական բարեփոխումների և վերափոխումների առանցքային ուժի կարգավիճակն ու գործառույթները։ Ընդդիմությունը պետք է ստիպեր իշխանություններին գնալ այդ բարեփոխումներին։ Բայց այդ ամենը տեղի չունեցավ, ինչի արդյունքում ձևավորվեց ընդդիմության վակուում։ Մենք կարծում ենք, որ այդ վակուումը պետք է լցված լինի հեղափոխության գաղափարներին հավատարիմ ուժով կամ ուժերով, որոնք կարող են պահանջատիրություն դրսեւորել հեղափոխական բարեփոխումների առաջմղման հարցում", - համոզված է Բաբաջանյանը։