Արմինֆո. Այսօր Հայաստանում տեղեկատվական ահաբեկչությունը լուրջ վտանգ է ներկայացնում պետական անվտանգության համար։ Արմինֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտննել Հայաստանի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Կարեն Անդրեասյանը։
Իրավապաշտպանը նշել է, որ վտանգը խորանում է նրանով, որ ներկայիս կառավարության թիկունքում քայքայիչ գործողություններն իրականացվում են կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում: Ինչպես արտահայտվել է փորձագետ-իրավապաշտպանը, նախկին իշխանությունները ներկայացնող մաֆիոզ կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում պետականության հիմքերը խարխլելու համար։ Այդ գործում գլխավոր դերը վերապահված է տեղեկատվական ահաբեկչությանը, որն իրականացվում է մաֆիայի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների, քաղաքագետների և այլ "մաֆիոզ մարմնավաճառների" միջոցով։ Դա արվում է իրենց խողովակներով բացահայտ ստի ու "բադիկների" տարածման միջոցով՝ ներկայիս իշխանությունների կողմից ճնշումների ու ապօրինությունների տպավորություն ստեղծելու նպատակով։ Անդրեասյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի ներկայիս օմբուդսմեն Արման Թաթոյանը, հիմնվելով նման "միջադեպերի" մասին նախնական տեղեկատվության վրա եւ չհասկանալով իրավիճակը, հանդես է գալիս կտրուկ հայտարարություններով, մինչդեռ հետագայում ակնհայտ է դառնում, որ "տուժածները" արմատացած հանցագործներ ու իրավախախտներ են:
Տեղեկատվական ահաբեկչության նպատակը, ինչպես ընդգծում է Անդրեասյանը, Հայաստանում առկա իրավիճակի մասին կեղծ տպավորություն ստեղծելն է Սփյուռքի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների շրջանում, ինչպես նաեւ հասարակության շրջանում իշխանությունների նկատմամբ վստահությունը խարխլելը: "Դրանք կեղտոտ, մաֆիոզ տեխնոլոգիաներ են, որոնք կիրառվում են ոչ թե քաղաքական, այլ հանցավոր պայքարում", - ընդգծել է իրավապաշտպանը:
Նրա խոսքով, իշխանությունների ամենամեծ սխալն այն է, որ իրենք հասարակությանը չեն պարզաբանում, որ ներկայիս պայքարը ոչ թե նախկինների կամ ընդդիմության պայքար է ներկա իշխանությունների դեմ, այլ՝ պայքար մաֆիայի եւ ժողովրդի միջեւ: Ընդ որում, նախկին իշխանությունների գործողությունները լիովին համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի հատկանիշներին. հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը։ Այդ գործունեությունն իր մեջ միավորում է բոլոր այն հանցավոր երևույթները, որոնք եղել են նախկինում, այսինքն՝ ատկատների և խմբական երաշխավորություն համակարգը, որը վերահսկվում էր մաֆիայի մեկ կենտրոնից։
Ինչպես արտահայտվել է Անդրեասյանը, նախկին իշխանությունների կազմակերպած տեղեկատվական ահաբեկչությունը կարելի է դիտարկել որպես կոռոուպցիոն հեղափոխության տանող ճանապարհ։ Փորձագետը նշել է, որ վերոնշյալ մաֆիոզ կառույցը Հայաստանում ձևավորվել է 1995-96 թթ., երբ իշխանության ղեկին եկած անձինք ապօրինի ճանապարհով վիթխարի հարստություն են կուտակել ժողովրդի աղքատացման հաշվին: Հիմա նրա առջև խնդիր է դրված հասկանալ, թե որ անձը ժողովրդի համար ընդունելի կլինի՝ բացահայտ ստի տարածման տեսանկյունից, լինի դա ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը կամ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Դրված խնդիրն է հասնել ներկայում կոռուպցիայի համար մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնատար անձանց Հայաստան վերադարձին, որպեսզի կրկին վերադառնան համատարած թալանի եւ քաղաքացիներին ահաբեկելու պրակտիկային: