Արմինֆո. ՀԱՊԿ ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել ի պաշտպանություն ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ COVID-19 համավարակի շրջանում համապարփակ հրադադարի մասին նախաձեռնության: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով այսօր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած նիստի արդյունքները։
"Այսօր մենք ընդունել ենք կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի թեմային նվիրված երկու փաստաթուղթ։ Առաջինը վերաբերում է միջազգային հանրության համերաշխությանը, համընդհանուր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի եւ ԱՀԿ-ի հովանու ներքո համագործակցության կոչին։ Իսկ երկրորդ փաստաթուղթը, Հայաստանի և Ռուսաստանի նախաձեռնությամբ հավանության է արժանացել ի պաշտպանություն այն կոչի, որով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը. հայտարարել գլոբալ զինադադար կորոնավիրուսի շրջանում։ Մենք պաշտպանում ենք այդ կոչը", - ասել Է Լավրովը, հավելելով, որ փաստաթղթում հատուկ նշված է, որ կոչը չի կարող տարածվել ահաբեկչական կազմակերպությունների վրա, որոնք այդպիսիք են ճանաչվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից։
Լավրովի ասելով, ՀԱՊԿ ԱԳ նախարարները նաեւ հանդես են եկել ավելի արդար եւ ժողովրդավարական աշխարհակարգի ձեւավորման օգտին: "Կողմ արտահայտվեցին միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի վրա հիմնված ավելի արդար եւ ժողովրդավարական աշխարհակարգի ձեւավորմանը: Ընդունել են համատեղ հայտարարություն, որում հաստատել են ՀԱՊԿ հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին"։ Նա նաեւ հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կընդլայնի փոխգործակցությունը ՄԱԿ-ի հետ խաղաղապահ գործունեության ոլորտում: "Քննարկվել են խաղաղապահ գործունեության զարգացման հեռանկարները՝ ՀԱՊԿ-ի եւ ՄԱԿ - ի միջեւ փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման շեշտադրմամբ, ներառյալ մեր կազմակերպության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործումը", - ասել է Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարները նաեւ կոչ են արել պահպանել պատմական ճշմարտությունը՝ աշխարհը նացիզմից ազատելու մասին:
"Մենք հատուկ հայտարարություն ենք ընդունել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ։ Ապագայում նման աղետներ թույլ չտալու նպատակով միջազգային հանրությանը կոչ ենք արել համերաշխ գործողությունների, որոնք ուղղված են նացիզմից աշխարհի ազատագրման համար պայքարի պատմական ճշմարտության պահպանմանը, զոհվածների հիշատակը վիրավորելու փորձերի կանխմանը, ատելության, ծայրահեղականության, էթնիկ, ռասայական կամ կրոնական հողի վրա խտրականության ցանկացած գաղափարախոսության դատապարտմանը", - հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, իր հերթին, անդրադառնալով ՄԱԿ-ի հետ խաղաղապահ գործունեության փոխգործակցությանը, հիշեցրել է, որ կազմակերպությունում ստեղծվել է խաղաղապահ զորակազմ: "Այժմ օրակարգում է ՄԱԿ - ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններին ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման հարցը", - նշել է նա: Ստանիսլավ Զասը հստակեցրել է, որ նախկինում այդ թեման չի դիտարկվել նման ձեւով, սակայն այժմ արդեն կա պետությունների ղեկավարների համապատասխան որոշումը: "Կան բազմաթիվ նրբություններ, որոնք վերաբերում են պատրաստության չափանիշներին, ինչպես նաեւ խաղաղապահության մասին մեր բազային համաձայնագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը", - հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: