Արմինֆո. Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանները վարչական հայց են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարության դեմ' պահանջելով կոնսիլիում հրավիրել Ֆրանսիայում իրենց պաշտպանյալի հետագա հետազոտման եւ բուժման հարցը քննարկելու համար: Ընդ որում, պաշտպանական կողմը պնդում է, որ առկա բժշկական փաստաթղթերը բավարար են արտերկրում Գրիգորյանի բուժման անհրաժեշտությունը հիմնավորելու համար:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում և դրան հաջորդող օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողների և կամավորների կարիքների համար հատկացված գույքի յուրացման, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցների վատնման և շորթմամբ գույքի հափշտակության կազմակերպման համար: Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, իսկ Գրիգորյանի որդու՝ Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նշենք նաև, որ Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում բազմիցս բուժվել է քաղաքացիական բուժհաստատություններում։ Ս.թ. հունվարի 15-ին Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ դատարանը փոխել է նրա խափանման միջոց կալանքը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: