Արմինֆո.Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևը:
«Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է», - ընդգծել է ԱԳՆ խոսնակը:
Հավելենք, որ վերոնշյալ բանաձևի նախաձեռնողը Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխն է ։
Նշենք նաև, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը 2017թ. ապրիլի 25-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Ավելի վաղ Չեխիայի նախագահ Միլոշ Զեեմանը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որոնցում դատապարտել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Նրա համոզմամբ, Հայոց ցեղասպանությունը մեր ժամանակների վատթարագույն վայրագություններից մեկն է։