Արմինֆո.Կառավարությունը <Զվարթնոց> օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու առաջարկ է ստացել։ Կառավարությունն իր հերթին դիմել է Հանրային խորհրդին ՝ խնդրելով իր դիրքորոշումն արտահայտել այդ հարցի վերաբերյալ ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
<Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու /Շառլ Ազնավուր Զվարթնոց միջազգային օդանավակայան/ առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։ Ի նկատի ունենալով Արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով>,- գրել է նա։