Արմինֆո.<Լուսավոր Հայաստան> խմբակցությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ խորհրդարանում աշխատում են ոչ պրոֆեսիոնալ կադրեր ։ Այս մասին մայիսի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ պատգամավորի՝ ԼՀ ներկայացուցիչները փորձում են տպավորություն ստեղծել, որ իշխող դաշինքի պատգամավորները լուրջ չեն, ոչնչով չեն տարբերվում նախկին իշխանավորներից, կողմնակից են բռնության կիրառմանը և այլն ։
<Ակնհայտ է, որ նման իրավիճակի ստեղծումը ձեռնտու էր նախկին իշխանություններին, որոնք չկարողացան մտնել յոթերորդ գումարման Ազգային ժողով։ Եվ վերջին շրջանում <Լուսավոր Հայաստան> խմբակցության ներկայացուցիչները, կամա թե ակամա, փորձում են նման տպավորություն ստեղծել, քանի որ ԼՀ որոշ պատգամավորների եւ նրանց խմբակցության ղեկավարի գործողությունները չի կարելի անվանել այլ կերպ, քան խորհրդարանին վարկաբեկելու փորձերը>, - ընդգծել է պատգամավորը։