Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 11-ին հայտարարել է, որ երբ ինքը մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին, իր նկատմամբ հարձակումներ են սկսվել։ "Ես անմիջապես թիրախ դարձա, թիրախ դարձան իմ երեխաները։ Ինձ 17 անգամ սպառնացել են այրել, 7 անգամ՝ գլխատել, 4 անգամ՝ քառատել և 6 անգամ՝ կախել։ Եվ երկրի ղեկավարությունը ոչ մի կերպ դրան չարձագանքեց։ Եվ խոսքը կեղծ օգտահաշիվների մասին չէ, խոսքը իրական մարդկանց մասին է", - ընդգծել է Զոհրաբյանը։
Պատգամավորը հայտարարել է, թե բազմիցս նշել է, որ հասարակության շրջանում արմատավորվում է այլընտրանքային կարծիքի նկատմամբ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ: "Իմ բոլոր դիտողություններին ինձ պատասխանում էին, որ, ըստ երևույթին, հասարակությանը ես դուր չեմ գալիս, այստեղից էլ՝ բացասական արձագանքը։ Սակայն, այսօր երկրում ամենաթողության մթնոլորտ է ձևավորվել։ Եվ ես ողջունում եմ բոլոր օրինագծերը, որոնք կօգնեն վերացնել ատելության եւ թշնամանքի դրսեւորումները։ Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ այդ հարցը կհաջողվի լուծել բացառապես օրենսդրական մակարդակով", - նշել է Զոհրաբյանը։
Նա նշել է, որ քանի դեռ քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության եւ լայն հասարակության միջեւ պայմանավորվածություն չկա այն մասին, որ կան կարմիր գծեր, որոնք անցնելն անթույլատրելի է, խորհրդարանում քննարկումները կվերածվեն ձեռնամարտերի:
Նշենք, որ Ազգային ժողովի աշխատանքը մայիսի 8-ին ընդհատվել էր "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ ծագած կոնֆլիկտի պատճառով: Ձեռնամարտի մեջ էին ներքաշվել նաև խորհրդարանի մյուս պատգամավորները։ Խորհրդարանականների մասնակցությամբ հարաբերությունների պարզաբանումը շարունակվել էր նաեւ ընդմիջման ժամանակ, որից հետո հակամարտող կողմերը վերջապես ցրվել էին: