Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է ժողովրդավարական կայունություն։ Այս մասին մայիսի 5-ին ներկայացնելով ՀՀ կառավարության 2019թ.գործունեության արդյունքները՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, տարիներ շարունակ երկրում ավտորիտար կառավարման համակարգ է եղել, սակայն այսօր կարելի է վստահաբար պնդել, որ ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում: Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որը ի վիճակի լինի խաթարել ՀՀ ժողովրդավարական կայունությունը։ 2018 թվականի մայիսին ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո կատարված աշխատանքի արդյունքում գրեթե բոլոր համաշխարհային վարկանիշները վկայում են հայկական պետության արագ զարգացման մասին։
Սակայն, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, 2019 թվականին եղել են նաեւ ձախողումներ, որոնցից ամենակարեւորը ժողովրդից թալանված միջոցների վերադարձի ցածր մակարդակն է: Չնայած այն բանին, որ Հատուկ քննչական ծառայությունը միայն անցյալ տարի հայտնաբերեց եւ գանձապետարան վերադարձրեց 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության ողջ ընթացքում, այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարում աշխատանքը կարելի է համարել անհաջող:
Այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան։ 100 տոկոսով կբացահայտվի ամբողջ կոռուպցիոն համակարգը ՝ իր բոլոր ճյուղերով, մեխանիզմներով, դեմքերով եւ դրամական շրջանառություններով ։ Բոլոր կոռուպցիոներները պատասխանատվության կենթարկվեն, իսկ ժողովրդից գողացված փողերը վերադարձվելու են ժողովրդին։
Եվս մեկ ձախողում, ըստ վարչապետի, իրական անկախ դատական համակարգի ձևավորման անավարտությունն է։ Հենց անկախ դատական համակարգը պետք է գլխավոր դերերից մեկը խաղա պետության հետագա քաղաքական համակարգում, սոցիալական եւ տնտեսական զարգացման գործում։ Այս ոլորտում բարեփոխումները կշարունակեն մնալ ՀՀ կառավարության օրակարգում։