Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք, Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ։
Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան գրառման համաձայն, Էրդողանը Մաշալյանի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է Հայաստանին օգնություն ցուցաբերել դեղորայքի հարցում, ընդ որում, նա տեղեկացրել է Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձի ընթացակարգերի պարզեցման մասին:
Մաշալյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին ցուցաբերած աջակցության համար: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով Հայաստանի ԱԳՆ-ն, ՀՀ 56 քաղաքացիներ ցանկություն են հայտնել Թուրքիայից վերադառնալ Հայաստան: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է Պոլսո Հայոց պատրիարքարանին՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար: