Արմինֆո.Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ին կոչ է արել ընդլայնել Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը եւ անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը, որը շարունակում է գրոհել ՀՀ-ի եւ Արցախի վրա եւ խախտել մարդու իրավունքները, ինչի մասին ասվում է նաեւ Պետդեպարտամենտի հաշվետվություններում: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
<Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև այդ երկրի կառավարությունը կդադարեցնի իր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, կհամաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը և կապացուցի, որ դադարեցրել է մարդու իրավունքների ոտնահարումը>,-հայտարարել է Փալոնը Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում իր ելույթում, որտեղ քննարկվել է 2021
ֆինանսական տարվա համար օգնություն տրամադրելու հարցը:
Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է ավելացնել աջակցությունը տարածաշրջանային գործընկերներին, որոնք ներկայումս դրական, ժողովրդավարական բարեփոխումներ են ապրում, ինչպիսին Հայաստանն է ՝ անվտանգության ոլորտում օգնության ավելացման եւ ռազմավարական համագործակցության ամրապնդման ճանապարհով:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է ամերիկացի կոնգրեսականի այս կոչը՝ նկատելով, որ այն հնչել է բառացիորեն մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչի հետեւանքով տուժել է երեք հոգի, այդ թվում՝ մեկ երեխա: