Արմինֆո.Հայաստանում մեկուսացման, ինքնամեկուսացման և տեղաշարժի ազատության սահմանափակումների խստացված ռեժիմը կերկարաձգվի ևս 10 օր։ Այդ մասին մարտի 31-ին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նման որոշում կայացնելու համար, վարչապետի խոսքով, հիմք է հանդիսացել կորոնավիրուսով հիվանդացածների թվի աճը, որը Հայաստանում, վերջին տվյալներով, հասել է 532-ի: Նրանցից 90-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, իսկ 30-ի վիճակը գնահատվում է ծանր:
«Իրավիճակը ռիսկային է: Մենք ստիպված ենք դիմել դրամատիկ միջոցների։ Խնդրում եմ ձեզ ամենայն լրջությամբ վերաբերվել իրավիճակին և խստորեն հետևել պարետի սահմանափակումներին: Որքան բարձր լինի կարգապահության մակարդակը, այնքան արագ մենք դուրս կգանք այս իրավիճակից եւ կհաղթենք կորոնավիրուսին>, - ասացել է նա: Վարչապետը նշել է, որ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իրավիճակի նկատմամբ վերահսկողության բարձր մակարդակ ապահովելու համար, ինչով եւ պայմանավորված էին այսօր կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսում են հանրային էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքագրման, կոնտակտների և դրանց առնչվող հեռախոսահամարների, ինչպես նաև զանգերի, դրանց տևողության հասանելիության տրամադրում:
"Այդ օրինագիծը մշակվել է կորոնավիրուսով հիվանդների հետ շփվող այն անձանց շրջանակը արագացված ռեժիմով բացահայտելու նպատակով, որոնք պոտենցիալ հիվանդներ են եւ իրազեկման ու մեկուսացման կարիք ունեն: Եվ ոչ մի դեպքում օրինագիծը որևէ նեղ քաղաքական նպատակ չի հետապնդում։ Համաձայն եմ, այստեղ հաճելի քիչ բան կա: Բայց դա արվում է բացառապես ձեր եւ մեր առողջության անվտանգությունն ապահովելու նպատակով", - պարզաբանել է նա։
Մասնավորապես, վարչապետը հաղորդել է, որ առաջիկայում խստացված ռեժիմի երկարաձգման առնչությամբ պարետը որոշ փոփոխություններ կներկայացնի սահմանափակումների մասով, սակայն ուղերձը կմնա նույնը. մնալ տանը՝ պահպանելով բոլոր հրահանգները։