Արմինֆո. Մարտի 31-ին, ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը 12-ը՝ 3545 անձի նկատմամբ, 1819-ը՝ մայրաքաղաքում, 1726-ը՝ մարզերում։
Մարտի 31-ին ժամը 9-ից 12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 62 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը 12-ը՝ 2540 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 61 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։ <Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները>,- նշվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ: