Արմինֆո.Ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ-ում կազմվել է ինքնամեկուսացման ռեժիմի խախտման 286 արձանագրություն, իսկ 60 քաղաքացի բերման է ենթարկվել, որոնց նկատմամբ նույնպես կազմվել են համապատասխան հոդվածներով վարչական խախտումների արձանագրություններ: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը ։
Բացի այդ, նա հայտնել է, որ ուղեւորափոխադրումների սահմանված ռեժիմը խախտվել է 685 տրանսպորտային միջոցների վարորդների կողմից, որոնց ավտոմեքենայի սրահում եղել է ավելի քան 2 քաղաքացի (վարորդի հետ միասին): Դրա հետ մեկտեղ, ըստ ոստիկանապետի, հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ կազմվել են վարչական խախտման արձանագրություններ, քանի որ վերջիններս թույլատրելիից ավել ուղեւորներ են տեղափոխել:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին տեղեկացրել է, որ 2020թ.մարտի 25-ի դրությամբ Երևանում ուղևորափոխադրումների ծավալը կրճատվել է տարեկան կտրվածքով 30 անգամ՝ կազմելով 18 հազար ուղևոր: Նման պատկեր, ըստ նրա, նկատվում է նաև երկրի մարզերում։