Արմինֆո. Մեր գործատուները պետք է լավ գիտակցեն, որ կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակում իրենց միլիոնները և սոցիալական կարգավիճակն իրրենց չեն փրկի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Վերջին մեկ օրում Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է 17-ով եւ հասել 265-ի ։ Վարակման նոր դեպքեր են գրանցվել Կոտայքի և Երևանի արտադրական ձեռնարկություններում։
"Մեզ բոլորից, առանց բացառության, կորոնավիրուսի հայտարարած պատերազմը պետք է արժանանա պատասխանի՝ սոցիալական համերաշխության, գործընկերության, փոխօգնության տեսքով։ Մեր պարապուրդի մատնված պետության ռեսուրսները, որն իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում, խիստ սահմանափակ են։ Ըստ այդմ՝ ռեսուրսներ և պահուստներ ունեցող գործատուները, պարզապես, պարտավոր են իրենց ներդրումն ունենալ համընդհանուր կորոնավիրուսային մարտահրավերի հաղթահարման գործում, գոնե, մթերքի և դեղորայքի տեսքով", - ընդգծել է նա։
Սաքունցի գնահատմամբ՝ ներքին շուկայում հիմնական խաղացողները շատ հարուստ գործարարներ են, որոնք լիովին ի զորու են ինքնուրույն լուծել մեկուսացված աշխատակիցների աշխատավարձի հարցը։ Կառավարությունն, իր հերթին, պետք է հնարավորինս արագ ձեռնամուխ լինի փոքր և միջին բիզնեսին աջակցելու իր ներկայացրած նախագծի իրագործմանը, որպեսզի սեփականատերերը կարողանան պատշաճ ձեւով վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը։
Ըստ իրավապաշտպանի՝ որոշ անբարեխիղճ գործատուներ աշխատավարձ են վճարում աշխատակիցներին՝ հարկային պարտավորությունները կատարելու նպատակով, որից հետո աշխատակիցներից պահանջում են վերադարձնել փողերը։ Նման միտումներն անթույլատրելի են՝ հաշվի առնելով հետագայում անխուսափելի հասարակական դժգոհությունը։ Մինչդեռ, կորոնավիրուսի պայմաններում նման դժգոհությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ արտակարգ դրության ռեժիմի պահպանման, այլ մարտահրավերների հաղթահարման համար։
"Այս լույսի ներքո՝ կոչ եմ անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն նման խնդիրներ, դրանք հրապարակել ԶԼՄ-ների միջոցով, մեր օգնությամբ, այլ մեխանիզմների միջոցով։ Առկա իրավիճակում նման խնդիրների լուծումը ենթադրում է հրաժարում ավանդական մեխանիզմներից, երբ բողոքները սկզբում արձանագրվում են, իսկ հետո արդեն սկսում են լուծվել։ Լուծումը ենթադրում է սոցիալական համերաշխության սկզբունքի պահպանում բոլորի կողմից։ Գործատուները պետք է գիտակցեն տնտեսական շահույթ ստանալու անհամատեղելիությունը կորոնավիրուսի հարուցած մարտահրավերների հետ", - ամփոփել է իրավապաշտպանը ։