Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը,
և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը:
Նշենք, որ նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:
Նշենք, որ Լեւոն Սարգսյանը Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր է և հայտնի է <Ալրաղացի Լյով> մականունով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԱԾ-ն, Սարգսյանը Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 11 տարի առաջ կատարված ավազակային հարձակման պատվիրատուն է: 2018 թվականին Սարգսյանի առանձնատանն ու բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք։