Արմինֆո.Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը:
Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցերին: