Արմինֆո. Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը շրջադարձային նշանակություն ունի: Այդ մասին հայտարարել է վարչապետ ՆիկոլՓաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Իր հայտարարությունը նա պայմանավորել է այն հանգամանքով, որ 2018թ. մայիսից ի վեր Ադրբեջանը փորձում է ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: ՙԱյդ խոսակցությունը միջազգային հանրությանը շատ հստակ ցույց տվեց, որ Հայաստանն ունի կառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական, ընդհուպ՝ ռասիզմի հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում՚, - ասել է վարչապետը, հավելելով, որ դա ամենակարևոր արդյունքն է:
Վարչապի հավաստմամբ, երկրորդ ամենակարևոր արդյունքն այն է, որ ինքը իրականացրել է հայ ժողովրդին տված կարևորագույն խոստումներից մեկը:
«Ես ասել եմ, որ ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում որևէ գաղտնիք չեմ ունենալու: Անցել են այն ժամանակները, երբ Ղարաբաղի հարցի էությանը պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ: Ղարաբաղի հարցի էությանը պետք է տեղյակ լինի ողջ հայ ժողովուրդը: Եվ ուրախ եմ, որ կարողացել եմ դա ապահովել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Եվ երրորդը, նրա ասելով, ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որը վարչապետը պայմանականորեն անվանել է ՙմյունխենյան սկզբունքներ»:
«Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: Երբ խոսում են տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, այդ ո՞ր երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին են խոսում: Երբ Ադրբեջանն անկախություն է ստացել, արդյո՞ք Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը պահպանել է: Հակահարց կարող է հնչել, որ Խորհրդային Միություն պետությունն այլևս գոյություն չունի, բայց գոյություն չունի նաև այն պետությունը, որի կազմում եղել է Լեռնային Ղարաբաղը, այդ պետությունը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն է: Այս դիսկուրսն ունի նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել»,- նշել է վարչապետը:
Հղում կատարելով հերթական ՙչկան տարածքներ, կա անվտանգություն՚ սկզբունքին՝ Փաշինյանը նշել է. «Երբ մենք ասում ենք, որ ձևավորվել է ստատուս քվո, և Արցախի զինված ուժերը տարածքներ են վերցրել իրենց վերահսկողության տակ, նրանք դա արել են ոչ թե հաճույքի համար, այլ՝ անելանելիությունից դրդված, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հետ քաշելու նպատակով։ Այդ պատճառով ՙտարածք՚ հասկացությունը այս համատեքստում չի քննարկվում՚, - ասել է նա։ Հետևաբար, ինչպես նշել է վարչապետը, եթե կա այդ անվտանգության ապահովման մասին արդյունավետ առաջարկ, թող առաջարկը ներկայացվի Ադրբեջանի, միջազգային հանրության կողմից, և հայ ժողովուրդը կորոշի, թե որքանով է այն ընդունելի։ ՙԻմ կարծիքը հետևյալն է. Ղարաբաղը չի կարող հրաժարվել իր անվտանգությունից՚,- ընդգծել է նա։ Մասնավորապես, Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար լուծման ընդունելիության հարցն առնչվում է հերթական մյունխենյան սկզբունքին: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախը պատրաստ են ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար, նման պատրաստակամություն, ըստ նրա, պետք է դրսևորի նաև Ադրբեջանը: Բացի այդ, վարչապետն ընդգծել է, որ հայկական կողմը երբեք չի խոսել տարածքներ զիջելու պատրաստակամության մասին։ ՙՄենք այլ բան ենք ասում: Չկա տարածքի հարց, կա անվտանգության հարց, որը մենք պատրաստ ենք քննարկել", - ասել է նա։ Հղում կատարելով հերթական սկզբունքին՝ Փաշինյանը նշել է, որ ղարաբաղյան հարցը հնարավոր չէ լուծել մեկ կամ երկու գործողությամբ, այստեղ անհրաժեշտ են միկրո հեղափոխություններ, մինի հեղափոխություններ և բեկում ։ "Դա պետք է կառուցվի գենետիկական մակարդակում, մարդկանց մտածողության մեջ", - եզրափակել է նա: