Արմինֆո. Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Միաժամանակ նախարարը տեղեկացրել է, որ փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում:
Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ այսօր հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը: <Այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում: Ինչ վերաբերում է կրթական հաստատություններում առկա իրավիճակին, ապա այսօրվա դրությամբ նշված կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հիվանդացությւնը կազմում է 7,1%: Վերջինս բացատրվում է այն հանգամանքով, որ ձեռնարկված «համաճարակաբանական ֆիլտրի» արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ, իսկ նրանց տվյալները տրամադրվում են պոլիկլինիկական կազմակերպություններին՝ անհրաժեշտ խորհրդատվություն և բուժում ապահովելու համար: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու համար «համաճարակային ֆիլտրի» աշխատանքները կրելու են շարունական բնույթ>,- նշվում է ԱՆ հաղորդագրությունում: