Արմինֆո. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմի հետ:
Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմը գոհունակությամբ ընդգծել են, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ, որն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի առավել հարստացմանը:
Զրուցակիցները կարևորել են բազմաոլորտ համագործակցության առավել խթանումը՝ այդ թվում առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման միջոցով: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվել է հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերակատարությունն Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում:
Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և կարևորում է լարված իրադրությունների լիցքաթափումը։