Արմինֆո.Փետրվարի 17-ին պաշտոնապես մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։
Ինչպես հայտնի է, շտաբը, որը կզբաղվի սահմանադրական բարեփոխումների օգտին քարոզչությամբ, կգլխավորի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Պատգամավորների կողմից "Ոչ"-ի շտաբի ձևավորման ժամկետը լրանում է փետրվարի 17-ին։ Առայժմ խորհրդարանական ոչ մի ուժ չի հայտարարել այդ շտաբի ձևավորման մասին։
"Լուսավոր Հայաստան" եւ "Բարգավաճ Հայաստան" ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու հանրաքվեի հետ կապված գործընթացներին: Սահմանված ժամկետում "Ոչ"-ի շտաբ չգրանցվելու դեպքում "Ոչ"-ի քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբ:
"Ոչ"-ի քարոզչության կողմի քաղաքացիների գրանցման մասին դիմումը կարող է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2020 թվականի փետրվարի 18-ից: Սակայն "Ոչ"-ի շտաբի ձևավորման մասին հաճախ խոսում են իրավապաշտպանները, բայց ԿԸՀ փաստաթղթեր դեռ չեն ներկայացվել։