Արմինֆո. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում հերքել է տեղեկատվությունը, թե թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:
<Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն Վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը>,- գրել է նա:
Նշենք, որ Էմիլ Բաբայանը, մասնավորապես, գրել է. <Նիկոլ Փաշինյանն ու մի շարք մարդիկ այսօր մեկնում են Գերմանիա, որտեղ կմնան փետրվարի 13-15-ը: Սա աշխատանքյաին այց է, որի մասին տեղեկատվություն է հրապարակված ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում: Իսկ հիմա այն մասին՝ ինչի վերաբերյալ տեղեկություն չեն տարածել. Հայկական պատվիրակությունը հինգաստղանի «Hotel de Rome, a Rocco Forte Hotel» հյուրանոցում ամրագրել է 20 համար՝ 400-500 և մինչև 900 եվրո արժողությամբ:
Այս տեղեկությունը փոխանցել է հյուրանոցի աշխատակիցը, Վրաստանից ներգաղթյալ Լալի Չաչաուրին, նրա հրապարակման սքրինշոթը տեղադրում եմ հրապարակման մեջ: Հիմա տեքստը ջնջված է: Ես մեկնաբանություններում խնդրել էի ավելի շատ տեղեկություն տրամադրել, մինչդեռ մերժում էի ստացել ու դրանից հետո տեքստը ջնջվել էր: Բայց դե մենք փորձված գայլեր ենք, ամեն բարևից առաջ սքրինշոթ ենք անում:
Լալին գրում է, որ Բեռլինում կան բազմաթիվ այլ հյուրանոցներ, այդ թվում և նմանատիպ հինգաստղանի հյուրանոցներ, որտեղ սպասարկումը չի զիջում այստեղի սպասարկմանը, իսկ գներն ավելի մատչելի են: Նա չի հասկանում, թե ինչու է զարգացող երկրի պատվիրակությունն այսքան գումար վատնում>: