Արմինֆո. Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նորանշանակ գործադիր տնօրեն Ղադա Ֆաթհի Վալիի հետ։
Շնորհավորելով Ղադա Ֆաթհի Վալիին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջողություն է մաղթել վերջինիս իր պատասխանատու առաքելության մեջ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև հաստատված արդյունավետ գործընկերությունը և պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկելու դրա առավել ամրապնդման ուղղությամբ։ Նախարար Մնացականյանը նշել է, որ Գրասենյակի լիազորությունների շրջանակում ընդգրկված մարտահրավերների հասցեագրումը և կայուն զարգացման օրակարգի առաջմղումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակը: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի իշխանությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ընդգծելով այդ պայքարի կարևորությունն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ տարբեր երկրների հետ փորձի փոխանակման միջոցով։