Արմինֆո. Ադրբեջանը շատ շուտով կհայտնվի դինաստիական ճգնաժամի մեջ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կայացած փորձագիտական քննարկումների ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո- ի թղթակցի հարցին:
<Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կարող են Իլհամ Ալիեւի առողջական վիճակի հնարավոր վատթարացման հետեւանք լինել՝ հատկապես հաշվի առնելով նրա լուրջ հիվանդության մասին վաղուց շրջանառվող լուրերը։ Այդ դեպքում նրան անհրաժեշտ կլինի իշխանությունը շտապ հանձնել իր կնոջը ՝ Մեհրիբանին։ Ընդ որում, ես չեմ կարծում, որ Մեհրիբան Ալիևան, իր հերթին, հետագայում կշտապի իշխանությունը փոխանցել իր որդուն ՝ Հեյդարին>, - նշել է նա ։
Փորձագետի գնահատականներով՝ Իլհամի և Մեհրիբանի որդին ՝ Հեյդար Ալիևը, նույնպես առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի հետևանքով նախագահի լիարժեք պարտականություններն ու գործառույթներն ինքնուրույն կատարել ուղղակի անկարող է։ Այս առումով Հեյդարը կարող է լինել բացառապես տեխնիկական նախագահ, երբ իրապես երկիրը նրա փոխարեն ղեկավարելու է մեկ ուրիշը: Հայրապետյանի գնահատմամբ ՝ նման իրավիճակը վկայում է Ադրբեջանում իշխող Ալիևների դինաստիայի ճգնաժամային լուրջ միտումների մասին։
Միեւնույն ժամանակ մեկնաբանելով Մեհրիբան Ալիեւայի՝ որպես Ադրբեջանի հնարավոր ապագա նախագահի արտաքին քաղաքական նախասիրությունները, Հայրապետյանն ընդգծել է Ադրբեջանի գործող առաջին փոխնախագահի և Մոսկվայի միջև բավականին սերտ հարաբերությունները: Նրա խոսքով, այդ մասին են վկայում Ալիևայի Մոսկվա կատարած այցի ընթացքում բոլոր վերջին փոխադարձ ռևերանսները: