Արմինֆո.Չինաստանի երկու քաղաքացիներ տեղափոխվել են "Նորք" ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի առանձին հիվանդասենյակ։ Այդ մասին հունվարի 29-ին մամուլի ասուլիսում հաղորդել Է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը։
Նա տեղեկացրել է, որ ավելի վաղ Չինաստանի այդ քաղաքացիները գտնվել են Վրաստանի տարածքում, որից հետո կարճատեւ ժամանակ եղել են Հայաստանում եւ ծրագրում էին կրկին վերադառնալ Վրաստան: Մինչդեռ սահմանին նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 37 աստիճան, ինչի հետեւանքով նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի կապակցությամբ Բագրատաշենի սահմանային անցակետից կապ է հաստատվել համապատասխան գերատեսչությունների մասնագետների, այդ թվում ՝ արտաքին գործերի նախարարության հետ: Արդյունքում՝ որոշում է կայացվել Չինաստանի երկու քաղաքացիներին տեղափոխել Երևանի "Նորք" ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և տեղավորել առանձին հիվանդասենյակում։ Նրանց մոտ թոքաբորբի հայտնաբերման դեպքում անալիզի նմուշները կարող են ուղարկվել արտասահմանյան լաբորատորիաներից մեկը ՝ տվյալ կորոնովիրուսի թեստերի անցկացման համար։
Թորոսյանը հաղորդել Է, որ Հայաստանը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), դասակարգվում է ցածր ռիսկային երկրների շարքում 2019-nCoV-ով, ինչի կապակցությամբ Հանրապետությունում այսօր չկան ռեագենտներ, որոնք կարող են բացահայտել նոր կորոնավիրուսը: ՙՄենք հույս ունենք, որ առաջիկա տասն օրերի ընթացքում մեզ կհաջողվի ԱՀԿ - ի աջակցությամբ լուծել այդ հարցը, և Հայաստանին ևս կտրամադրվեն համապատասխան թեստեր", - ասել է Թորոսյանը։
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հաստատել էին, որ նոր տիպի կորոնավիրուսը կարող է փոխանցվել կոնտակտային ճանապարհով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-nCoV-ը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով, փորձագետները խորհուրդ են տալիս կրել պաշտպանիչ դիմակներ, հետեւել անձնական հիգիենային եւ հաճախ լվանալ ձեռքերը: Կորոնավիրուսով հիվանդացածների թիվն արդեն գերազանցել է 4.5 հազարը, 106 վարակվածներ մահացել են: Վիրուսը հայտնաբերվել է ոչ միայն Չինաստանում, այլեւ ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Թաիլանդում եւ Ճապոնիայում: