Արմինֆո. 2019 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով կամ 2.172 դեպքով (2018 թ.` 24.678, 2019 թ.` 26.850), հունվարի 23-ին ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ասել է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ դա գլխավորապես պայմանավորված է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ինչպես և առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի հայտնաբերման աճով: Գրանցված 26.850 հանցագործությունների մեծ մասը բաժին է ընկնում ոչ մեծ (54,4%) և միջին ծանրության (27,8%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 82,2%-ը:
Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ 2019 թ. ընթացքում իրականացված ծավալուն օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ չորս անգամ կրճատվել է աճի տեմպը (2019 թ. հունվար՝ 35,3%, դեկտեմբեր՝ 8,8%):
Զեկուցողը նկատեց, որ դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն (եթե 2018 թ. ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 203.539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թ. դրանց թիվն աճել է 42.882-ով` կազմելով` 246.421): Ի դեպ, 10,4%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն նախկինում չհայտնած դեպքերի վերաբերյալ:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը (20,1%-ից 16,0%), փոխարենը` աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (48,8%-ից՝ 52,9%):
Արթուր Մարտիրոսյանը ներկայացնելով բացահայտման աշխատանքները՝ նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով անցնող 32.623 հանցագործության դեպքերի 58,0%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ: Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմում է 34,0%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 57,8%: Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման ընդհանուր ցուցանիշից առավել բարձր է սպանությունների՝ 72,7%, սպանության փորձերի՝ 70,5%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 84,6%, այդ թվում՝ ծանր՝ 72,2%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 85,5%, ավազակության՝ 78,8%, խարդախության՝ 60,8%, յուրացման կամ վատնման՝ 59,0% և տրանսպորտային միջոց փախցնելու՝ 80,4% դեպքերի բացահայտման արդյունավետությունը:
Հաշվետու ժամանակահատվածում 46-ով (1.475-1.521) աճել է ինչպես նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը, այնպես էլ 51-ով կամ 37,2%-ով հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (137-188):
Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է 1.280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 135-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 299-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 60-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:
Հաշվետու տարում ՀՀ տարածքում արձանագրվել է 4.799 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 341 և մարմնական վնասվածքներ ստացել 6.801 անձ: