Արմինֆո. Երեւանի քաղաքապետարանին աղբահանության տեխնիկա հատկացնելը կոռուպցիայի դրսեւորում չէ, հունվարի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է <Թրանսփարենսի Ինթերնեշնլ> հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ՝ մեկնաբանելով խորհրդարանում ստեղծված համապատասխան քննիչ հանձնաժողովի ձեւավորման շուրջ ստեղծված բարդ իրավիճակը։
Փորձագետը ուշադրություն հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ակտիվ քննարկումների թեմա դարձած <Կամազները>, պատկերավոր ասած, պաշտոնյաների գրպանը չեն դրվել, այլ աշխատում են՝ ի շահ քաղաքային համայնքի: Եթե նման քայլերն իրականացվում են հանուն հանրային շահի, ապա այստեղ, ինչպես նշվել է, կոռուպցիոն որևէ դրսևորում չկա։ Այլ հարց է, թե արդյոք առկա է շահերի բախում և որոշակի սպասումներից ելնելով՝ ընկերությունների կողմից տեխնիկայի տրամադրում քաղաքապետարանին։ <Մեզ չի կարելի վերադառնալ այն ժամանակները, երբ բիզնեսը ծառայել է քաղաքական նպատակներին>, - ընդգծել է Հոկտանյանը:
Ընդ որում, փորձագետը նշել է, որ նման հետաքննություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ <Հայաստանում սիրում են առաջնորդվել ենթադրություններով, այլ ոչ թե՝ փաստերով ։ Մինչդեռ փաստերը պետք է բացահայտվեն իրավապահ մարմինների, այլ ոչ թե՝ հանձնաժողովների կողմից։ Այսպիսով՝ գլխավոր խնդիրը պետք է լինի իրավապահների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի նրանք օբյեկտիվ հետաքննություն անցկացնեն, այլ ոչ թե՝ քաղաքական պատվեր կատարեն>, - նկատել է նա։