Արմինֆո. Հունվարի 10-ի առավոտյան Գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա՝ երեխաների ապօրինի որդեգրման աղմկահարույց գործով տուժողների մասնակցությամբ: Բողոքի ակցիայի մասնակիցները, հիմնականում, իրենց երեխաներին կորցրած մայրերը, պահանջում են կալանավորել "Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ" ՓԲԸ տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին և փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին:
Հիշեցնենք, որ դատախազությունը ավելի վաղ բողոքարկել էր այդ գործով որպես մեղադրյալ անցնող հինգ անձանցից երեքի, այդ թվում Աբրահամյանի եւ Ջերջերյանի խափանման միջոցի վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին դատարանը մերժել էր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ համապատասխան միջնորդությունները։ Մինչդեռ դատախազությունն այդ որոշումներն անհիմն է համարում, ինչի կապակցությամբ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել։